Story of The Day ARM- 12/08/11

Մարկոս Աւետարանիչին գրած Աւետարանը 3,1-31.4,1-9.

Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր։
Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան։
Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»։
Ապա
ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել,
թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»։ Եւ նրանք լռեցին։
Եւ
Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի
կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Եւ նա երկարեց, ու նրա
ձեռքը առողջացաւ։
Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն։
Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք։ Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից.
նաեւ
Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ
Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է
անում, գալիս էր նրա մօտ։
Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նաւակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն։
Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան։
Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում.
«Դու Աստծու Որդի ես»։ Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն։
Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ։
Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի,
ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու եւ դեւեր հանելու։
Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց
եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ։
Նաեւ՝
Անդրէասին եւ Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին եւ մաքսաւոր Մատթէոսին եւ
Թովմասին եւ Ալփէոսի որդի Յակոբոսին եւ Թադէոսին եւ Սիմոն Կանանացուն
եւ Յուդա Իսկարիովտացուն, որը եւ նրան մատնեց։
Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան։
Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է։
Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին։
Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։
Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ։
Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։
Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։
Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը։
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի.
բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»։
Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ։
Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։

Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում
ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ
ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը։
Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ.
«Լսեցէ՛ք, ահաւասիկ մի սերմանող սերմանելու ելաւ։
Եւ պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկաւ ճանապարհի եզերքը, եւ թռչունները եկան ու կերան այն։
Ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, որտեղ շատ հող չկար. եւ շուտով բուսաւ, որովհետեւ հողը խորը չէր.
բայց երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չունէր, չորացաւ։
Մի ուրիշ մաս ընկաւ փշերի մէջ. փշերը բարձրացան եւ խեղդեցին այն, եւ պտուղ չտուեց։
Իսկ
մի ուրիշ մաս էլ ընկաւ լաւ հողի վրայ, բուսնելով աճեց ու պտուղ տուեց.
մէկի դիմաց՝ երեսուն, մէկի դիմաց՝ վաթսուն եւ մէկի դիմաց՝ հարիւր»։
Եւ ասում էր. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.